Ցանկացած երկրում իշխանության մաքսիմում ծրագիրը մնում է նույնը` պահպանել սեփական իշխանությունը, եթե հնարավոր է՝ հարատև: Նույն տրամաբանությունն է գործում նաև ընդդիմության դաշտում՝ անել հնարավորը՝ իշխանության գալու համար:
Հայաստանն այդ առումով օրիգինալ չէ: Առանձնահատկությունն իշխանությունը պահելու կամ վերցնելու ձևերի ու մեթոդների մեջ է:
Մեծ հաշվով, որևէ հետաքրքրություն չկա ընթացիկ քաղաքական գործընթացների նկատմամբ, թեև, վերջին հաշվով, որպես ՀՀ քաղաքացի, ինձ նույնպես հուզում է իմ հայրենիքի ապագան:
Այդուհանդերձ, պահո՞ւմ եք իշխանությունը, պահե´ք, ուզում եք գալ իշխանությա՞ն, եկե´ք, բայց բարի եղեք ձեր քաղաքական օրակարգը ձևակերպել հստակ, թե ի՞նչ եք ուզում վերջապես, որպեսզի մեզ նման «ոչ մի բան չհասկացողները» հետևություն անեն՝ մնա՞ն, թե՞ գնան:
Գոնե ինձ համար հարցերի հարցը մնում է հետևյալը. իշխանությունը վերցվելու է ընտրությունների՞ միջոցով, այդ ընտրությունները անցնելու են արդար ու թափանցի՞կ, հաջորդ նախագահի ինաուգուրացիան լինելու է կայացած ու նորմալ պետության արարողակարգին համապատասխա՞ն, հեռացող նախագահը անձա՞մբ է ուղեկցելու նոր ու ընտրված նախագահին նախագահական նստավայր, հետընտրական հեռացումի հանրահավաքներ չե՞ն լինելու, «ոչ լեգետիմ» արտահայտությունը ջնջելո՞ւ ենք միջազգային դիտորդների ու մեր լավ խոսող տղերքի ուղեղներից, թե՞ լինելու է այն, ինչ տեսել ենք միշտ:
Եվ ամենակարևորը. այդ նոր իշխանության կառվարման ժամանակաշրջանում Հայաստանը ձեռնարկելո՞ւ է իրական քայլեր՝ ստորագրելու Արցախի հարատև ու արժանապատիվ խաղաղության պայմանագիրը, լուծվելո՞ւ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու խնդիրը, Հայաստանը դառնալո՞ւ է իսկապես իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան և սոցիալական պետություն, թե՞ վասալական մտածողությունը, այնուամենայնիվ, հաստատելու է իր հավերժությունը:
Եվ վերջում` երբեմն իսկապես հայրենիքը պետք է փրկել այս կամ այն իշխանավորից, չստացվի այնպես, որ ինչ-որ ժամանակ հետո կանգնենք հայրենիքը այս կամ այն ընդդիմադիրից փրկելու դիլեմայի առաջ:
Ասում են՝ խելացին ուրիշների սխալներից է հետևություններ անում, հիմարը՝ սեփական: